Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկել է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը։ Համապատասխան նախագիծը տեղադրված է e-draft կայքում։
Նախագիծն ստացել է 820 կողմ և 30 դեմ ձայն։ Այն շրջանառության մեջ կմնա մինչև 2025 թվականի հունվարի 7-ը։
Գերատեսչությունն առաջարկել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում որոշակի փոփոխություն կատարել։
«Օրական 8-ժամյա աշխատանքի մոդելի ներդրումից հետո տեղի ունեցած տեխնոլոգիական փոփոխությունները նպաստել են բազմաթիվ գործընթացների ավտոմատացման։ Այս գործընթացները հաշվի առնելով՝ տարբեր երկրներում (օրինակ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Բելգիա, Ավստրիա, Նորվեգիա, Իսլանդիա) արդեն իսկ ներդրվել է աշխատաժամանակի ճկուն ռեժիմ՝ կրճատելով աշխատաժամանակը»,- ասված է հիմնավորման մեջ։
Ըստ նախագծի՝ աշխատաժամանակի կրճատումն ունի տարբեր մոդելներ․ մի խումբ երկրներում աշխատանքային օրվա տևողության կրճատմամբ է, որոշներում՝ շաբաթական աշխատանքային օրերի քանակի կրճատմամբ։
Ըստ հիմնավորման՝ միջազգային փորձը և առանձին հետազոտությունները ցույց են տալիս, որ շաբաթական աշխատաժամանակի կրճատումը բացասաբար չի ազդում տնտեսության վրա, ավելին՝ այն նպաստում է արտադրողականության աճին և դրական ազդեցություն թողնում կյանքի որակի վրա՝ բալանսավորելով աշխատանք-անձնական կյանք (work-life balance) հարաբերակցությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ երկար աշխատանքային ժամերը կապված են հոգեկան ու ֆիզիկական առողջության հետ, կարող են առաջացնել սրտանոթային հիվանդություններ, խթանել դեպրեսիան ու սթրեսը, ասված է նախագծում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը դեկտեմբերի 24-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել էր, որ ՀՀ-ում կա շուրջ 130 հազար 18-29 տարեկան երիտասարդ, որոնք ո՛չ կրթվում են, ո՛չ աշխատում։ Նա տեղեկացրել էր, որ նախարարությունը շրջանառության մեջ է դրել զբաղվածության նոր ռազմավարություն, որի նպատակն է այդ երիտասարդներին ապահովել աշխատանքով։