Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կայացած Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում նշել է ԵԱՏՄ-ի առաջնահերթությունները Հայաստանի նախագահության ընթացքում։
Վարչապետը հայտարարել է, որ ավարտվում է ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության ժամկետը։
«Մեր նախագահության հիմնական առաջնահերթությունները, ինչպես հայտնի է, ընդգրկում էին տնտեսական փոխգործակցության առանցքային ոլորտները, էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծումը, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացումը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը և միջազգային հարաբերությունների ամրապնդումը»,- ընդգծել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ առաջնահերթությունների թվում էին նաև համագործակցության ներուժի և թվային տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը գյուղատնտեսության ոլորտում նորարար լուծումներ ներդնելու համար։
«ԵՏՀ գործողությունների ծրագիրը ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման համար ինտենսիվ էր և արտացոլում էր ընթացիկ միտումները»,- եզրափակել է Փաշինյանը։
ՀՀ կառավարության ղեկավարը խորհրդակցությունը վարել է հեռակա կարգով։
Դեկտեմբերի 25-ին Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ COVID-19-ի դրական թեստի պատճառով։ Նա նշել էր, որ դեկտեմբերի 23-ին դրական արդյունք է գրանցվել, դեկտեմբերի 25-ին թեստն արդեն բացասական էր, բայց գործընկերների հետ խորհրդակցելուց հետո Փաշինյանը, այնուամենայնիվ, որոշել էր հրաժարվել գագաթնաժողովին մասնակցելուց։
Դեկտեմբերի 25-ի երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կոչ էր արել այլ պատճառներ չփնտրել դեկտեմբերի 25-ին կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին ՀՀ վարչապետի այցը չեղարկելու համար։