Կառավարությունը դեկտեմբերի 27-ի նիստում հետաձգել է էլեկտրոնային դեղատոմսերի գործընթացի երկրորդ փուլին անցնելու մեկնարկի ժամկետը՝ այն սահմանելով մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։
Խոսքը Հայաստանում վաճառվող 2566 դեղի մասին է, որոնք փետրվարին ընդունած որոշմամբ՝ 2025-ի հունվարի 1-ից բժիշկները պետք է դուրս գրեին և բաց թողնեին էլեկտրոնային դեղատոմսերով։
Փետրվարին ընդունած որոշմամբ՝ մարտի 1-ից էլեկտրոնային դեղատոմսերը փոխարինվել էին թղթային դեղատոմսերով։ Ծրագրի առաջին փուլում ներառվել էր 400 անուն դեղամիջոց՝ հակաբակտերիալ, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերին, իմունային շիճուկներին և իմունոգլոբուլիններին և պատվաստանյութերին։ ՀՀ-ում գրանցված 3370 անուն դեղերից 804-ը կառավարությունը որոշել էր թողնել ազատ վաճառքի։
Դեկտեմբերի 27-ին ներկայացրած նախագծում ՀՀ առողջապահության նախարարությունը նշել է, որ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է էլեկտրոնային դեղատոմսերը թղթային դեղատոմսերով փոխարինելու գործընթացի կատարման մի շարք խնդիրներով և էլեկտրոնային դեղատոմսերի գրման ու բաց թողնման կարգն աստիճանաբար ներդնելու անհրաժեշտությամբ:
«Էլեկտրոնային դեղատոմսով գրման ու բաց թողնման գործընթացը ՀՀ-ում իրականացվում է առաջին անգամ, ուստի ծրագրի առաջին փուլի ներդրման գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, հնարավոր ռիսկերից խուսափելու, խնդիրները վերլուծելու, կատարելագործելու նպատակով առաջարկվում է երկարաձգել դեղատոմսով բաց թողնվող այլ դեղերի մասով էլեկտրոնային դեղատոմսերի գրման ու բացթողման գործընթացը»,- ասված է Առողջապահության նախարարության նախագծում։