Մոսկվան Հայաստանում ԵՄ-ին միանալու օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
««Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման սկիզբը Հայաստանում համարում ենք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ։ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը կկառուցի՝ հաշվի առնելով այս հանգամանքը»,- «ՏԱՍՍ»-ը մեջբերում է Օվերչուկի խոսքերը։
Նա նշել է, որ «միևնույն ժամանակ սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ընտրությունն է, որի իրավունքն անկասկած ունի»։
Օվերչուկը նաև Հայաստանի անդամակցելը ԵՄ-ին համեմատել էր «Տիտանիկ»-ի տոմս գնելու հետ։
Կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն էր տվել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրինագծին։ Օրինագիծը պաշտոնականացնում է Հայաստանի մտադրությունը՝ շարժվել դեպի եվրաինտեգրում, ինչպես նաև նախատեսվում է ստեղծել «ավելի աշխատանքային մթնոլորտ» ԵՄ ներկայացուցիչների հետ այս օրակարգի հետագա քննարկման համար։ Միաժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՄ-ին երկրի անդամակցության վերջնական որոշումը կարող է կայացվել միայն համապետական հանրաքվեի միջոցով։
Ավելի վաղ՝ հունվարի 9-ին, Կրեմլը մեկնաբանել էր կառավարության այս նույն որոշումը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Հայաստանը չի կարողանա միաժամանակ լինել ԵՄ և Եվրասիական միության անդամ։