Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 10-ի նիստում դրական եզրակացություն տվեց ՀՀ օրհներգի քառատողերի հերթականությունը փոխելու նախագծին։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները հրաժարվեցին մասնակցել քվեարկությանը։
Գործող կարգավորմամբ՝ ՀՀ օրհներգն ավարտվում է «Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի, բայց երանի, որ յուր ազգի, ազատության կզոհվի» քառատողով։ ԿԳՄՍՆ-ն 2024-ի նոյեմբերին նախագծով առաջարկել էր նշված՝ «կզոհվի» բառով ավարտվող քառատողը շարադրել օրհներգի սկզբնական հատվածում, իսկ օրհներգն ավարտել՝ «Նայիր նրան` երեք գույնով, նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան» քառատողով։
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում հավանություն էր տվել ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նախագծին։
Նոյեմբերի 4-ին Սիմոնյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը հրապարակել էին օրհներգի քառատողերի հերթականությունը փոխելու նախագիծը։ 2024-ի հունվարին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ՀՀ օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի։
Փաշինյանը 2023-ի հունիսի 15-ին ԱԺ֊ում առաջարկել էր փոխել օրհներգի վերջին տողերը, «որպեսզի այն չավարտվի զոհվելու տեսարանով»: