Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով տուժողների իրավահաջորդները և մեղադրող կողմը պահանջում են Հարությունյանին մեղավոր ճանաչել, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։ Նա պարզաբանել է, որ դատարանում հարցաքննված մոտ 50 վկայի ցուցմունքները ՊԲ նախկին հրամանատարի դեմ են։
Միևնույն ժամանակ, Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանն Aysor.am-ի հետ զրույցում պնդել է, որ նախկին հրամանատարի անմեղությունն ապացուցված է դատարանում։ «Մենք արդարացում ենք ակնկալում»,- նրա խոսքերն է մեջբերում կայքը։
Փաստաբանը հավելել է, որ իրենք Հարությունյանի դեմ ցուցմունք տվող չեն տեսել. «Կան անձինք, որ որոշակի հանգամանքներ աղավաղված են ներկայացնում, այս պահին այդ մասին մանրամասն չենք խոսի, եթե հարկ համարենք՝ ամբողջ գործը կետ առ կետ՝ վկաների ցուցմունքներով, ամբողջությամբ կներկայացնենք, կքննարկենք»,- նշել է Սարդարյանը։
Հարությունյանն Արցախի պաշտպանության բանակի հրամանատար էր նշանակվել 2020 թվականի փետրվարի 24-ին։ Հոկտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, ծանր վիրավորվել և ՊԲ հրամանատարի պաշտոնում փոխարինվել էր Միքայել Արզումանյանով։
2022 թվականի սեպտեմբերին Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել 44-օրյա պատերազմի ընթացքում անփութության համար, որը հանգեցրել էր ծանր հետևանքների՝ կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի մեծ կորուստների և մի շարք մարտական դիրքեր հակառակորդին հանձնելու համար։
2023 թվականի հունիսին Քննչական կոմիտեի ներկայացուցիչն Armenia Today-ին հայտնել էր, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է։