Զինծառայողներին, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին, զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձանց (բուժման սկզբից 3 ամսվա ընթացքում, մինչև բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրումը) վերականգնողական ծառայությունների փոխհատուցումն ամբողջությամբ կիրականացվի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի» «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում: Որոշման նախագիծն կառավարության նիստի օրակարգում էր, որն ընդունվեց։
Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա լիարժեք ապահովել զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը։ Մյուս կողմից կբարձրանա պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային պայմաններում իրականացվող հեմոդիալիզի հասանելիությունը, կբացառվեն ծառայությունների մատուցման և չփոխհատուցվող դեպքերը:
Նախագծի ընդունմամբ 2022 թվականին «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումով կպահանջվի մոտ 100 մլն դրամի չափով լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որը կլրացվի «Ռազմաբժշկական սպասարկում և առողջապահական ծառայություններ» ծրագրի վերաբաշխմամբ: