ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն անդրադարձել են մայիսի 28-ադրբեջանական ԶՈւ-ի կողմից վիրավորված զինծառայողի մահվան դեպքին։
Տիգրան Աբրահամյանը գրել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են տարածում, որը ներկայացվում է որպես մի քանի օր առաջ, մեր զինծառայողի խոցման հատված։
«Լուսանկարներում տեսանելի է վրան, որը ենթադրաբար մեր զինծառայողների կացարանն է։
Երբ մեր զինծառայողի զոհվելու օրն ինձ ասեցին, որ խոցման պահին զինծառայողը գտնվել է վրանում, առհասարակ զորքերի պահպանության այդ հատվածում զինծառայողները վրանում են ծառայություն կրում, հիշեցի այս իշխանությունների հավաստիացումները, որ առաջնագիծն ապահովված է համապատասխան կացարաններով։
Եթե նույնիսկ վրան տեղադրվել է, ապա ինչ որոշումների հիման վրա է այն տեղադրվել խոցելի, տեսանելի, թշնամու կրակի համար հասանելի հատվածում։
Հիշեք ոստիկանությանը հատկացվող մեծ խրախուսանքային բյուջեն, ոստիկանության զորքերի Երևանի կենտրոնում քաղաքացիների նկատմամբ բռնությունները և սահմանային հատվածում վրանային ու անպաշտպան հատվածները։
Սրանց համար ուժային համակարգը ունի մեկ նպատակ՝ կատարել բութ գործիքի դեր, իսկ սահմանների պաշտպանությունը թողնված է Ադրբեջանի քմահաճույքներին։
ՀԳ. Ադրբեջանի տարածած լուսանկարը չեմ տեղադրում, որպեսզի զոհված մեր զինծառայողի հարազատների զգացմունքները որևէ ձևով չվիրավորեմ։ Իմ համար ևս ծանր պատկեր է»,- գրել է Աբրահամյանը։
Կարին Տոնոյանը գրառմամբ նախ հարցադրում է արել․ «Ինչ-որ մեկը կա՞ այս երկրում, որ կարող է բացատրել, թե ինչպես է ոտքից վիրավոր զինվորը մի քանի ժամ հետո մահանում…. ասում են՝ զոհվել է, որովհետև քնապարկի մեջ են իջեցրել մինչև գյուղ: Պատկերացրեք ինչքան արյուն կորցրած կլինի ճանապարհին, մինչդեռ վիրավորված է եղել ընդամենը ոտքից, հանգիստ պիտի փրկեին….. Գրողը ձեզ տանի… դեռ քանի մայր պիտի ողբա…. Էս ի՞նչ բանակ եք պահում. վախեցած զինվորներ, անկարող սպաներ. դիրքեր կան, որ վիրավոր լինի, չեն էլ կարող իջեցնել….
Անմխիթար ճանապարհներ, հերթապահ մեքենա չկա հեռու դիրքերում…. ոնց, ոնց կարող եք այսքան դաժան վարվել սեփական ժողովրդի հետ»։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքից արձակված կրակոցից զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
Նախնական տեղեկություններով՝ 2022թ. մայիսի 28-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցների արդյունքում ձախ ոտքի աճուկային շրջանում ստացել է հրազենագնդակային վիրավորում և տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որտեղ 2022թ. մայիս 29-ին՝ ժամը 03:47-ին, արձանագրվել է նրա կենսաբանական մահը: