Մոսկվայում մոտ օրերս տեղի կունենա սահմանների հարցերով հանձնաժողովների հանդիպում, հաջորդ հանդիպումը, ըստ նախնական տվյալների, նախատեսվում է Բրյուսելում։
Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։ Նա նշել է, որ նախորդ հանդիպմանը քննարկվել են կազմակերպչական հարցեր։
Նա նշեց, որ օրուգիշեր արվում է ամեն ինչ, որ ՀՀ ԶՈւ-ում խնդիրները հնարավորինս արագ լուծվեն։
Դիտարկմանը, թե այն պայմաններում, երբ սահմանին զոհեր են լինում, վերոնշյալ հանձնաժողովի աշխատանքի շարունակություն լինելո՞ւ է, Սարգսյանը պատասխանեց․ «Բնականաբար, հանձնաժողովի աշխատանքը պետք է շարունակվի, որովհետև բանակցություններն ամենալավ լուծումն են բոլոր առումներով։ Այսինքն՝ ամենավատ բանակցությունն անգամ ցանկալի է, քան ռազմական գործողությունները»։
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագրեր են ստորագրել սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու մասին։
Հիշեցնենք նաև՝ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։