Պրոֆեսիոնալ բանակի անցումն առհասարակ ենթադրում է ամբողջապես պայմանագրային զինված ուժերի ձևաչափին անցնելը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը՝ մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ «Լուրեր»-ին տված հարցազրույցը։
Հարցազրույցի ժամանակ նախարարն ասել էր, որ պետք է ժամկետային զինծառայությունից անցնեն պայմանագրային ծառայության, պայմանագրայիններ վերցնեն «զրոյից», իսկ գործող պայմանագրայինների համար ստեղծեն ատեստավորման հնարավորություն։
Լիովին պրոֆեսիոնալ բանակին անցումը, ռազմական փորձագետ Հարությունովի խոսքով, մի շարք ռիսկեր է պարունակում։ Ընկալումն այնպիսին է, որ դա շատ բարձր էֆեկտիվություն է բերում իր հետ, մինչդեռ որոշ մեծ երկրներում պրոֆեսիոնալ բանակի էֆեկտիվությունը պայմանավորված է ոչ միայն պայմանագրային ծառայությունով, այլև ռազմական տեխնիկայի քանակությամբ ու այն հնարավորություններով, որոնք այդ երկրներն ունեն։
«Պայմանագրային բանակը պահանջում է բավականին մեծ ծախսեր՝ աշխատավարձեր, սոցիալական երաշխիքներ զինծառայողների համար։ Անհասկանալի է, թե ինչպես է հայկական բյուջեն դրան դիմանալու՝ հաշվի առնելով, որ նաև ռազմական տեխնիկայի համար բավական լուրջ ծախսեր են պահանջվում»,- պարզաբանեց Հարությունովը։
Նրա համոզմամբ՝ կարող է ծագել նաև բանակի քանակի ապահովման խնդիր։ Չէ՞ որ անհրաժեշտ է բնակչության որոշակի զանգված, որը կգնա ԶՈւ-ում ծառայության։ «Հակառակ դեպքում, կհավատանք, որ բանակի քանակը կարող է պակասել դրա հետևանքով»,- ասաց փորձագետը։
Որպես պրոֆեսիոնալ բանակի հիմնադրման դեպքում հնարավոր երրորդ խնդիր՝ Հարությունովը համարում է պահեստազորի հարցը։ Ըստ նրա՝ ամբողջությամբ պայմանագրային բանակի անցման դեպքում պահեստազորը կվերանա։ Ահա թե ինչու, մեր զրուցակցի կարծիքով, նպատակահարմար է ոչ թե լիովին պայմանագրային համակարգի անցմանն, այլ մասնակի։ «Այսինքն՝ ինչ-որ սկզբունքային կարևոր ուղղություններով այդ ամենը լրացնել այնտեղ, որտեղ բարձր պատրաստվածություն է պետք՝ պահպանելով հիմնական զորակոչային կորիզը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է մինչ այժմ ԳՇ պետ չնշանակելու մասին Պապիկյանի պատասխանին, թե ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում, ներդրվելու է նոր մոդել, որտեղ ԳՇ պետը լինելու է ՊՆ նախարարի առաջին տեղակալ, Հարությունովը մեկնաբանեց․
«Եթե բանակը վերադառնում է նախկին կառավարման մոդելին, որը մինչև 2018 թվականն էր, ապա դա տրամաբանական է։ Առհասարակ, այդ մոդելը այնքան էլ լավ չի աշխատել։ ՊՆ նախարարը գործնականում բավական մեծ դեր է կատարել»,- ասաց Հարությունովը։ Պատասխանելով մեր հարցին, թե այսպիսով բանակը չի՞ քաղաքականացվում՝ Հարությունովն ասաց, որ այն բոլորովին ապաքաղաքական չի էլ կարող լինել, ցանկացած քաղաքական ուժ այնպիսի նախարար է նշանակում, որը որոշակի քաղաքական պատասխանատվություն է կրում։
Մեկնաբանելով Պապիկյանի հայտարարությունը, թե այս պահին պատերազմի վտանգ չի տեսնում՝ Հարությունովն արձագանքեց․
«Հասկանալի է, որ լայնածավալ կոնֆլիկտը Հայաստանի դեմ կբերի Ադրբեջան-Ռուսաստան կոնֆլիկտի, դրա համար նրանք կաշխատեն խուսափել այդ տարբերակից։ Բայց փորձը ցույց է տալիս, որ միջազգային իրավիճակն այնքան արագ է փոխվում դեպի ոչ բարենպաստ, ապակայունացող ուղղությամբ։ Անվտանգային ռիսկերը պահպանվում են, իսկ պատերազմի հավանականությունը կարող է ցածր լինել, բայց այն չի վերանում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դժվար է կանխատեսել, թե ապագայում ինչ կլինի։ Ընդհանուր լարվածությունը մեր տարածաշրջանի վրա նույնպես ազդում է և հայտնի չէ, թե ի վերջո ինչ հետևանք կարող է այն ունենալ մեզ համար։
Արաքսյա Սնխչյան