Ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել Արցախում ծառայությունն իրականացնել միայն պայմանագրային զինծառայողներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ Սահակ Սահակյանը:
Վերջինս մանրամասնեց, որ վերջին զորակոչը կզորացրվի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը, որից հետո այլևս Արցախում չենք ունենա ժամկետային զինծառայողներ:
ԳՇ ներկայացուցիչի խոսքով՝ Արցախի համար մշակված է ծառայության գրավչության համար լուրջ փաթեթ, իսկ նպատակը ժամկետային զինծառայողներին առաջնագծից հանելն է։
«Պաշտպանության նախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նպատակներից մեկը դա է, որ ժամկետային զինծառայողներին որքան հնարավոր է՝ առաջնագծից հանենք: Ձգտում ենք, որպեսզի ժամկետային զինծառայողներով մարտական հերթապահություն չիրականացնենք հնարավորության սահմաններում»,- նշեց Սահակյանը:
ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ նաև հայտնեց, որ պաշտպանության նախարարի կողմից այս զորակոչից սկսած նոր կարգ է սահմանվել, նորակոչիկներն առաջնագիծ չեն գնա։ Բոլոր նորակոչիկները վիճակահանությամբ գնում են զորամասեր ու նշանակվում են ծառայության հրաձգային ուսումնական գումարտակներում:
«Նպատակն է, որ զինվորները ոչ լրիվությամբ պատրաստություն չանցած մարտական հերթապահության չընդգրկվեն: Այսինքն՝ նրանք մարտական հերթապահության կարող են ընդգրկվել 5-6 ամիս հետո»,- եզրափակեց ԳՇ պաշտոնյան։