Կառավարությունն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունը, որի համաձայն՝ կրթական տարկետում ունեցող ուսանողների զորակոչի տարիքը մեկ տարով կհետաձգվի: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ դեռևս խորհրդային շրջանից զորակոչի ենթակա էին 18-ը լրացած և մինչև 27 տարեկան արական սեռի քաղաքացիները:
«Խորհրդային տարիներին դպրոցը տասը տարի էր, և աշակերտները 17 տարեկանում ավարտում էին, հիմա 12-ամյա է, և ստացվում է, որ ասպիրանտը իր երրորդ տարվա ուսուցման շրջանում զորակոչվում է բանակ: Մենք առաջարկում ենք նշված կրթական տարկետում ունեցող ուսանողների զորակոչի տարիքը մեկ տարով հետաձգել` մինչև 28 տարեկան, և ուսանողը հանգիստ իր ասպիրանտուրան ավարտի և պաշտպանի թեկնածուական թեզը»,- ասաց Դումանյանը։
Վարչապետ Փաշինյանն իր հերթին ասաց, որ հաջորդ տարվանից կառավարությունը որոշակի բուհերի որոշակի մասնագիտություններով կտրամադրի տարկետման հնարավորություն հատկացնող տեղեր։