Զորամասում հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայող շարքային Արշալույս Հովհաննիսյանը 46 տարեկան էր։ Նա Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից էր։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց Վարդենիս խոշորացված համայնքի մամուլի խոսնակ Էդգար Պետրոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ մահացած պայմանագրայինն ուներ մեկ անչափահաս տղա` 12 տարեկան։ Արշալույս Հավհաննիսյանն ապրում էր սոցիալապես անապահով պայմաններում:
Էդգար Պետրոսյանը չհաստատեց շրջանառվող այն լուրերը, թե Արշալույս Հովհաննիսյանն Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում էր ստացել:
«Ինչպես մեզ է հայտնի, մահացած պայմանագրային զինծառայողը հիվանդություններ չի ունեցել»,- նշեց համայնքապետարանի ներկայացուցիչը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյան էլ Armenia Today-ին հայտնեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:
ՊՆ խոսնակը նաև հավելեց, որ հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայողը բոլոր բուժզննումներն անցել է այնպես, ինչպես սահմանված է ցանկացած զինվորի պարագայում:
Armenia Today-ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ):