«Արկերի գործով» անցնող ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին Armenia Today-ին հայտնել է նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը: Փաստաբանի փոխանցմամբ՝ ինքը չի կարող նշել, թե որքան գրավի մասին է խոսքը։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 17-ին ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը։
ԱԱԾ-ն պարզել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում գործող ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքի ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանը, օժանդակելով մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքն ընդունելու գործընթացին։
Կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:
Միևնույն ժամանակ պարզվել է, որ ձեռք բերված տվյալ խմբաքանակի կրակոցները կիրառվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, որոնց կիրառման արդյունքում, իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով իրական կրակոցներին զիջելու հետևանքով՝ հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրները: