Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում շարունակում է լաված մնալ: Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
«Թեև իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է: Հակառակորդը, հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ, ողջ օրվա ընթացքում փորձել է դիրքային առաջխաղաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի ուղղությամբլ»-ասել է նա՝ հայտնելով, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակել են թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները:
«Այս ակնհայտ իրողության ֆոնին առավել քան անհեթեթր են դառնում ադրբեջանական կողմի այն պնդումները, թե իրենք խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում: կան բավարար ապացույցներ, որոնք հաստատում են Ադրբեջանի ԶՈւ-ի հանցավոր գործողությունները՝ խաղաղ բնակչության դեմ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել:
Մանրամասները՝ տեսանյութում: