Ադրբեջանի կողմից հրահրված ռազմական գործողություններից հետո առողջապահության համակարգը բերվել է պատրաստվածության բարձր մակարդակի։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք թե՛ մարզային բժշկական կենտրոններում, թե՛ Երևան քաղաքում ապահովում ենք մեր վիրավորների ամբողջական բժշկական օգնությունը։ Բոլոր բժշկական կենտրոնները համալրվել են դեղորայքով, անհրաժեշտ բժշկական նշանակության պարագաներով, մասնագիտական թիմերով, շտապօգնության անհրաժեշտ բրիգադներով։ Մենք կապի մեջ ենք մեր սփյուռքի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային կազամկերպությունների հետ»,-հայտնեց նախախարը։
Ըստ նրա՝ բոլոր աշխատանքներն իրականացվում են համակարգված։ «Բոլոր վիրավորները մարզային ԲԿ-երում ստանում են համապատասխան բժշկական օգնություն, այնուհետև, մեր մասնագիտական թիմերի ցուցումներով տեղափոխվում են Երևանի ԲԿ-եր՝ ստանալու նեղ մասնագիտական և բարձր տեխնոլոգիական բժշկական օգնություն»,-նշեց նախարարը՝ հավալելով, որ ինքն այցելել է Երևանի ԲԿ-եր։ «Այցելելու եմ նաև բոլոր մարզերում մեր բժշկական կենտրոններ։ Նշեմ, որ ոչ միայն դեղորայքային, այլև մասնագիտական աջակցության խնդիրներն են լուծված»,-նշեց Ավանեսյանը։
Նա ընդգծեց, որ արյան պաշարները ևս բավարար են, բայց ժամանակ առ ժամանակ կազմակերպվում է համալրում։