Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն, հուսով ենք Ադրբեջանը կշարունակի պահպանել հրադադարը։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանը նշեց, որ որևէ պայմանագիր կամ փաստաթուղթ չկա։ «Բանակցային սեղանին չկա ոչ մի փաստաթուղթ», – նշեց նա։
Մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը՝ Գրիգորյանը նշել է. «Վարչապետն ասել է, որ եթե խաղաղության պայմաններն ապահովող փաստաթուղթ լինի, ապա կստորագրի։ Հայաստանի շահերի դեմ փաստաթուղթ լիներ, Ադրբեջանը չէր հարձակվի»,-նշեց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 105 զոհ ունի:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: