ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը 30 երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ Ջերմուկում կայացած հանդիպմանն ասաց, որ ՀՀ ԶՈւ-ն կշարունակի հայրենիքի ռազմական անվտանգության բոլոր միջոցառումների իրականացումը։
Պատասխանելով դիվանագետների հարցերին՝ Ասրյանը նշեց, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Նրանք առաջ են եկել ստորաբաժանումներով, խմբերով, որոնցից որոշներն այժմ մեր ստորաբաժանումների շրջափակման մեջ են։ Ներկա պահին նրանցից շատերը Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են։
Էդվարդ Ասրյանը նշեց որ Հայաստանի տարածք, Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Ջերմուկին հարված է հասցվել ռեակտիվ հրետանուց, հրետանուց, ԱԹՍ-ներից։ Դեսպաններին ցույց կտրվեն այն ենթակառուցվածքները, որոնց վնաս է հասցվել։ Քաղաքում հարված է հասցվել նաև ճոպանուղուն, որի հարակից տարածքում մանկական հրապարակ է։ Երեխաներն ու Ջերմուկում հանգստացողները այդ ժամանակ գտնվում էին քաղաքում։
Ասրյանն ուշադրություն հրավիրեց հակառակորդի՝ Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումների զինծառայողների վայրագություններին ՀՀ զինվորականների նկատմամբ՝ այդ թվում կին-զինծառայողի։ Ասրյանն ասաց, որ համապատասխան տեսանյութը իր հեռախոսում է, ցանկության դեպքում կարող է ներկայացնել դիվանագետներին ասուլիսի ավարտին։
«Դա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»,- արձանագրեց Ասրյանը՝ նշելով, որ ոչ մի երկրի ԶՈւ իրավունք չունի հակառակորդի հետ այդպես վարվել։ Ասրյանը պատմեց, որ անհնար է պատկերացնել անգամ, թե ինչպես են ադրբեջանցիները կտրել կին զինծառայողի ոտքերը, մատները, մերկացրել նրան․․․
Պատասխանելով հարվածի ուղղության մասին հարցին, Ասրյանն ասաց, որ դրանք իրականացվել են բոլոր հարվածային ուղղություններով։ «Հաշվի առնելով հակառակորդի ուժային գերակշռությունները՝ որոշ մարտական դիրքեր ենք կորցրել, որը հիմք է ընդունվել , և հակառակորդը կարողացել է այդ ճեղքվածքներով ներթափանցել իր հարյուրավոր ստորաբաժանումներով դեպի մեր պաշտպանության խորքը։ Ինչպես Ջերմուկի, այնպես էլ ՀՀ հարավ-արևելյան, արևելյան մյուս ուղղություններում հնարավոր է եղել դուրս շպրտել նրանց»,- ասաց Ասրյանը՝ նշելով, որ Սևանի ափին գտնվող Մարտունի քաղաքն ու Շորժաները եղել են թիրախի տակ։
Առհասարակ, Ասրյանի պարզաբանմամբ որոշ այլ վայրերում կան 1-2 կմ-անոց առաջխաղացումներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Վերջին տվյալներով՝ հայկական կողմը 135 զոհ ունի:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։