Ադրբեջանական ռազմական ագրեսիայի շրջանում տեղակայված ստորաբաժանումներից մեկի անձնակազմը, մարտական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո, դուրս է եկել մարտական առաջադրանք կատարելու և առաջին իսկ վայրկյաններից մարտի բռնվել հակառակորդի քանակապես գերազանցող հատուկ ջոկատայինների հետ: Այս մասին գրում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«Ինտենսիվ հրթիռահրետանային հարվածների և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների չդադարող կրակի տակ, համածառայակիցների դիրքավորվումն ապահովելու նպատակով, ջոկի հրամանատար, ենթասպա Խաչիկ Էդվարդի Մինասյանն ու սերժանտ Նարեկ Մխիթարի Հակոբյանը հակառակորդի կրակը վերցրել են իրենց վրա: Կատաղի փոխհրաձգության ընթացքում ենթասպա Մինասյանը վիրավորվել է: Նրա հետ նույն դիրքում գտնվող սերժանտ Հակոբյանը փոխել է իր տեղը` կրակի ուղղությունը շեղելով իր վրա` փորձելով այդպես փրկել վիրավոր ընկերոջ կյանքը:
Սերժանտ Հակոբյանը կռվել է մինչև վերջին փամփուշտը: Սակայն որոշ ժամանակ անց ենթասպա Մինասյանի ու սերժանտ Հակոբյանի հետ կապն ընդհատվել է: Ստորաբաժանման փայլուն գործողությունների շնորհիվ հաջողվել է հետ շպրտել հակառակորդին` պատճառելով մեծաթիվ կորուստներ: Իսկ այդ մարտական հաջողության մեջ անուրանալի են ենթասպա Խաչիկ Մինասյանի և սերժանտ Նարեկ Հակոբյանի անձնազոհությունը»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։