Այս պահին մեր գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում: «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Ռազմական վերջին գործողությունների հետևանքով կա 7600 տեղահանված:
Նրա խոսքով՝ Սոթք, Կութ, Նորաբակ համայնքները ամենաշատն են տուժել ադրբեջանական վերջին հարձակումից:
ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է ներկայացրել: Ըստ կառույցի ղեկավարի` այնտեղ ներառված են հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգման, վատ վերաբերմունքի դեպքերը, զոհերի մարմինների նկատմամբ արգահատելի կտտանքները, վիրավորանքները, ատելության ամբողջ բառապաշարով ուղեկցող տեսանյութերը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասված վնասը, դրանց թիրախային խափանումը, բուժկետների, առնվազն երկու դպրոցի թիրախավորման դեպքերը:
«Արձանագրել ենք նաև լրագրողների թիրախավորում», – նշեց ՄԻ պաշտպանը:
Օգտատերերը հետաքրքրվել էին` ի՞նչ գործողություններ են կատարվում հայ ռազմագերիներին վերադարձնելու համար, և արդյոք վստա՞հ է, որ պաշտոնական հաստատված ռազմագերիների կյանքին ու կյանքի որակին ոչինչ չի սպառնում:
«Անկասկած է, որ որևէ մեկը չի կարող նման վստահություն ունենալ, առնվազն ենթադրություն էլ չենք կարող ունենալ: Ցավալիորեն, մենք տեսանք նաև զինծառայողներ, որոնք վիրավոր էին, և վստահ չենք կարող լինել, որ այդ վիրավորում ստացած անձանց տրամադրվում է բժշկական օգնություն: Մեր գրասենյակ նույնպես հարազատները դիմել են, նույնականացրել ենք ռազմագերիներ, այս մասով տեղեկություններն անմիջապես Կարմիր խաչին ենք ուղարկել, միջազգային իրավական ներկայացուցչի գրասենյակի հետ ենք կիսվել մեր տվյալներով, որպեսզի այդ հրատապ միջոցների համար ՄԻԵԴ դիմի ներկայացուցիչը, այդ տվյալները ներկայացրել ենք ամեն օրվա կտրվածքով: