Սյունիքի արևելյան լեռնաշղթան առաջնագիծ է, ամբողջ երկայնքով հայկական դիրքերն են, մի քանի տասնյակ հեռավորության վրա՝ հակառակորդինը: Ադրբեջանի հերթական ագրեսիայի ժամանակ մեր տղաները անմիջապես անցել են պաշտպանության ու ոչնչացրել հակառակորդի գրոհող խմբերին:
Հակառակորդի հատուկ նշանակության գրոհայինների ճանապարհը փակել էին հայկական բանակի ժամկետայինները, պայմանագրայինները, եռամսյա հավաքի մասնակիցները՝ հրամանատարների գլխավորությամբ:
«Ամեն մեկս մեր տեղերը գիտեինք, դիրքավորվել, սպասել ենք հրամանի, երբ հրամանը եղել է, ինչ պետք է եղել՝ արել ենք: Երբ սկսել են կրակ բացել, արժանի ձևով պատասխան են ստացել»,-պատմել է ժամկետային զինծառայողներից մեկը:
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներին հետ մղած տղաներն այսօր շարունակում են իրենց մարտական հերթապահությունն առաջնագծում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: