Հնդկական զենքի հնարավոր գնման հետևում երեք հիմնական գործոն կա։ Armenia Today-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Դավիթ Հարությունովը՝ անդրադառնալով The Economic Times թերթում հրապարակված այն տեղեկությանը, ըստ որի՝ Հնդկաստանը Հայաստանին զենք մատակարարելու պայմանագիր է ստորագրել։
«Հասկանալի է, որ հայկական կողմը խնդիրներ ունի, քանի որ ուժերի հավասարակշռությունը Հայաստանի օգտին չէ։ Եվ պարզ է, որ սպառազինության հետ կապված մի քանի ծայրահեղ ոլորտներ կան, որոնք հնարավորինս վերակագնելու անհրաժեշտություն կա։ Պարզ է, որ հայկական կողմն ինչ-որ լուծումներ է փնտրում, որոնք հնարավորություն կտան այդ հավասարակշռությունն ինչ-որ ձև եթե ոչ վերականգնել, ապա գոնե առկա անհավասարությունը թուլացնել»,-նշեց քաղաքագետը։
Նա կարծում է՝ մեծ է հավանականությունը, որ գործարքի մասին տեղեկությունը համապատասխանում է իրականությանը և այն հենց վերոնշյալ խնդրի լուծմանն է ուղղված։
«Բացի այդ, այն որոշակի տրամաբանության մեջ է․ նախ մենք տեսնում ենք, որ Հայաստանի և Հնդկաստանի հարաբերությունները վերջին շրջանում բավական ակտիվանում են։ Բացի այդ, եթե չեմ սխալվում, մեկ տարի առաջ արդեն եղել է տեղեկատվություն Հնդկաստանից սպառազինություն գնելու մասին։ Եվ այս գործարքն այն տենդենցի շարունակությունն է ու զարգացումը, որը մինչ այդ էր ձևավորվել»,- ասաց Հարությունովը։
Իսկ թե ինչո՞ւ է Հայաստանը զենք գնում հենց Հնդկաստանից, քաղաքագետը մի քանի պատճառ է տեսնում։
«Նախ՝ հասկանալի է, որ ուկրաինական կոնֆլիկտի պայմաններում, ըստ երևույթին, դժվարացել են գնումները Ռուսաստանից։ Այդ առումով բավականին բարդ է վիճակն Արևելյան Եվրոպայում, որովհետև կրկին զբաղված են Ուկրիանային «սպասարկելով»։ Արևմուտքից գնելը Հայաստանի համար խնդիր է, որովհետև սպառազինությունը բավականին թանկ է և, բացի այդ, կարող են քաղաքական խնդիրներ լինել մասնավորապես ՌԴ-ի հետ հարաբերությունների մասով։ Թուրքիան ևս կարող է որոշակի լոբբիստական քայլեր ձեռնարկել ու չթողնել, որ գործարքը կայանա։ Արդյունքում՝ մնում են Չինաստանն ու Հնդկաստանը»,- ասաց մեր զրուցակիցը։
Կրկին մատնանշելով քաղաքական գործոնի մասին՝ նա հավելեց․ «Չինաստանը հատկապես ռազմական ոլորտում բավականին սերտ հարաբերություններ ունի Պակիստանի հետ, որն, իր հերթին, դաշնակից է Ադրբեջանին ու Թուրքիային։ Այդ պայմաններում քաղաքական առումով Հնդկաստանը ոչ մի խնդիր չունի։ Ավելին՝ Հնդկաստանը զարգացնում է իր հարաբերությունները Հայաստանի հետ՝ ի հակակշիռ Պակիստանի դաշնակությանն Ադրբեջանին ու Թուրքիային»։
Նրա խոսքով՝ առհասարակ ռազմատեխնիկական համագործակցության մեջ գործոն է ոչ այդքան կոմերցիոն, որքան քաղաքական բաղադրիչը։ Իսկ թե ինչ կտա այս մատակարարումը մեր երկրին, քաղաքագետը բարդ հարց է համարում մի քանի առումներով։
«Հաշվի առնենք, որ ամբողջկան տեղեկատվություն չկա, թե ինչ են գնել։ Նշված է միայն Pinaka ռեակտիվ համազարկային համակարգի մասին։ Այն խոշոր տրամաչափի համակարգ է և բավական ժամանակ է՝ արտադրվում է, իրենց բանակն էլ օգտագործում է։ Ընդհանրապես՝ հնդկական սպառազինության առումով միայն մեկ խնդիր կարող է լինել․ քանի որ իրենց ռազմարդյունաբերական համալիրը համեմատաբար նոր է քայլեր ձեռնարկում, կարող են լինել որոշ խնդիրներ։ Օրինակ՝ կլինեն միավորներ, համակարգեր, որոնք մարտական գործողություններում փորձարկում չեն անցել։ Միաժամանակ, հնդկական սպառազինությունը համեմատաբար բավականին էժան է, քանի որ շուկա դուրս գալու հարցում իրենք էլ են շահագրգռված, ավելի հարմար պայմաններ կարող են առաջարկել»,- ասաց Դավիթ Հարությունովը։
Քաղաքագետը շեշտեց, որ Հայաստանը շատ ոլորտներում խնդիրներ ունի և ամեն տեղ էլ գնումներ պետք է անել․ «Եթե այս ամենը համապատասխանում է իրականությանը, ապա փորձ է արվում այդ բացերը ինչ-որ տեղ փակել»։
Համեմատականներ անցկացնելով ռուսական զենքի հետ՝ մեր զրուցակիցը նշեց, որ ռուսական սպառազինությունն ավելի հուսալի է, ավելի շատ է փորձարկվել մարտական գործողություններում․ «Նույնը կարելի է վերագրել արևմտյանին։ Մեծ հաշվով՝ այստեղ երեք հիմնական որոշիչ գործոններ կան, որոնք կանգնած են հնդկական զենքի հնարավոր գնման հետևում։ Առաջինը քաղաքականն է՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը, երկրորդ գործոնը ֆինանսականն է՝ բարենպաստ պայմաններ են։ Երրորդը, չի բացառվում, որ այլ արտադրողները կա՛մ զբաղված են եղել, կա՛մ, հնարավոր է, քաղաքական պատճառներից ելնելով՝ չեն ցանկացել զենք վաճառել։ Արդյունքում՝ Հնդկաստանն առաջին պլան է դուրս եկել»։
Հիշեցնենք, որ այսօր The Economic Times-ը գրել էր, որ Հնդկաստանը Հայաստանին զենք մատակարարելու պայմանագիր է ստորագրել։ Պայմանագրերի արժեքը չէր նշվում, սակայն, ըստ աղբյուրի, սպասվում է, որ առաջիկա ամիսներին Հայաստան 244 մլն դոլարի զենք կմատակարարվի։
Աննա Բադալյան