ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը ՀՀ սահմաններում։
ԳՇ պաշտնյայի խոսքով՝ ՀՀ-ն տարածքային կորուստներ է կրել Ջերմուկի ուղղությամբ, իսկ Գեղարքունիքում թշնամուն են անցել միայն մարտական դիրքեր։ «Այդ դիրքերը, եթե ռազմական տեսանկյունից այդքան կարևոր չեն՝ մարտավարական տեսանկյունից, ապա կարևոր են, քանի որ կախված են մեր բնակավայրերի վրա. կարողանում են որոշակի հսկողություն սահմանել ճանապարհներ վրա և հոգեբանորեն ճնշում են մոտակա գյուղերի բնակիչներին իրենց ներկայությամբ»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: