ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը հաստատել է այն տեղեկությունը, որ Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակին հայ զինծառայողների դիեր կան, որոնք ՊՆ-ն դեռ դուրս չի բերել։
«Ռազմական գործողությունների ժամանակ մենք թողել ենք այն դիրքերը, որտեղ մեր զինակից ընկերները զոհվել են։ Մենք իսկապես գիտենք, որտեղ են մեր զինվորների մարմինները։ Դա մեզ համար ցավալի է, քանի որ հանուն հայրենիքի զոհվածը պետք է զինվորին վայել հանձնվի հողին։ Այն պայմանը, որով հաստատվել է հրադադարը, ենթադրում է զոհվածների մարմինների և աճյունների դուրսբերում։ Զոհվածների մարմինների դուրսբերման մեր փորձերը հակառակորդի կողմից հանդիպեցին կրակի ուժեղ ազդեցության։ Մենք գիտենք, որ կան մարմիններ, որոնք դիրքերում են կամ դիրքերի անմիջական շրջանում են»,-նշեց ԳՇ պաշտոնյան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: