Ադրբեջանը սեպտեմբերի 13-ին սկսված ագրեսիայով ռազմական և քաղաքական նպատակներ է հետապնդել, Armenia Today-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Վերջին ագրեսիայի ընթացքում Ադրբեջանն առաջին հերթին հետապնդում էր զուտ ռազմական նպատակներ, այսինքն՝ արդեն ՀՀ տարածքում նոր հենակետերի գրավումը՝ օգտագործելով 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո գրավված հենակետերը, ինչպես նաև բարձունքները, որոնք Նիկոլ Փաշինյանի կողմից ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա պատերազմից հետո հանձնվեցին Ադրբեջանին», – ասաց նա:
Նրա խոսքով, բացի այդ, ադրբեջանցիների կողմից օգտագործվել են նաև բարձունքներ, որոնք գրավվել են 2021 – ի մայիսին և նոյեմբերին: Ամրապնդվելով այդ հենակետերում՝ նրանք հիմա հաջորդ քայլին գնացին և խորացան Հայաստանի տարածքում՝ գրավելով նոր բարձունքներ։
Փորձագետն ընդգծել է, որ այս բոլոր գրավված բարձունքները թույլ կտան ադրբեջանցիներին վերահսկողության տակ պահել ինչպես ՀՀ տարածքում առկա հաղորդակցային ուղիները, այնպես էլ քաղաքները: Վրթանեսյանի խոսքով, եթե 2020-ին ադրբեջանցիները հնարավորություն ստացան ուղիղ նշանառության տակ պահել Կապանը, ապա 2021-ի մայիսի և նոյեմբերի իրադարձություններից հետո հարվածի տակ ընկավ Գորիսը, իսկ այժմ՝ փաստացի Ջերմուկ առողջարանային քաղաքը:
Վրթանեսյանը գտնում է, որ բացի ռազմական նպատակներից, Բաքուն ունի նաև քաղաքական նպատակներ: «Դա ճնշման գործադրում է Հայաստանի վրա և հնարավորությունների օգտագործումը՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի զբաղվածության հետ, ինչպես նաև հնարավորության պատուհան՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի կառավարության, որը նպատակուղղված ձևով քանդում է հայկական բանակը», – նշել է նա։
«Այս բոլոր հնարավորությունները Ադրբեջանը փորձում է օգտագործել, որպեսզի հնարավորինս ամրապնդվի տարածաշրջանում և թուլացնի Հայաստանը։ Միանգամայն հնարավոր է, և ես ևս չեմ բացառում, որ վերջին շաբաթների ադրբեջանական հռետորաբանությունը բացահայտ ակնարկում է, որ Ադրբեջանի պլաններում ընդհանրապես հայկական պետականության ոչնչացումն է», – կարծում է Վրթանեսյանը։
Նա ձեռնպահ մնաց Ադրբեջանի վերջին ագրեսիայի արդյունքների վերաբերյալ մեկնաբանություններից՝ նշելով, որ հակամարտությունը չի ավարտվել և շարունակվում է։
«Ադրբեջանի նախաձեռնությամբ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր է ցանկացած օր՝ վաղը, մյուս օրը, մեկ շաբաթից, մեկ ամսից։ Գոյություն ունեցող կոնֆիգուրացիան չափազանց անկայուն է, և Ադրբեջանը չի թաքցնում իր նպատակները. առնվազն Սյունիքը Հայաստանի հիմնական հատվածից կտրելն է, Սևանա լճի արևելյան ափը, Հայաստանի հարավային շրջանների մի մասը գրավելը։ Ադրբեջանն արդեն խոսում է Հայաստանի հյուսիս-արևելքում, նույնիսկ՝ մայրաքաղաք Երևանի նկատմամբ իր հավակնությունների մասին», – ամփոփել է ռազմական փորձագետը։