Այս պահին հարաբերական անդորր է, բայց թշնամին փորձելու է իր օրակարգն առաջ տանել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նա նշեց, որ հակառակորդին հակազդելու համար բազմաշերտ և բազմաբնույթ գործողություններ են իրականացվում՝ սկսած պաշտպանական և անվտանգային հարցերից մինչև տնտեսական և դիվանագիտական, ինչի մասին կառավարությունը պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում։
Հարցին, թե ինչպե՞ս է հաջողվել թշնամուն վերցնել Իշխանասարը և գնդակահարել մեր զինվորներին, Խաչատրյանն արձագանքեց. «Գերակա ուժերի արդյունքում, Ադրբեջանի հանդեպ մեր ուժերը շատ անհամաչափ են»։
Պատգամավորը հավելեց, որ Ջերմուկի հատվածում, որտեղ թշնամին կարողացել է որոշակի տարածքներ գրավել, իրենց վերահսկողության տակ են և այժմ դիվանագիտական աշխատանքներ են տանում նրանց՝ իրենց ելման դիրքեր վերադարձնելու համար։
«Անհետ կորածներ ունենք, որոնց ճակատագիրն այս պահի դրությամբ անհայտ է», – տեղեկացրեց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Գերեվարված զինծառայողներից 17-ն ԱՄՆ միջնորդությամբ վերադարձել են հայրենիք։