Պահեստազորի հավաքները 3-ամսյա համակարգից կդառնան 25-օրյա: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում՝ նշելով, որ այն քննարկման կներկայացվի կառավարության առաջիկա նիստում:
Ինչպես հստակեցրեց ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ ըստ այդ նախագծի տարվա մեջ քաղաքացին կընտրի իրեն հարմար ժամանակամիջոցը, կամավորության սկզբունքով կներկայանա ծառայության, ապա 7 օր կանցնի վարժանք, իսկ 14 օր ծառայություն: Նրա խոսքով՝ իրական ծառայությունը 21 օր է, մնացած 4 օրերը նախապատրաստական բնույթ ունեն:
Սակայն, ինչպես Պապիկյանն ասաց՝ սա պարտադիր է լինելու բոլոր զինապարտ քաղաքացիների համար, քանի որ կա բողոք, որ հավաքները տարածվում են միայն պատրաստությանը պարտաճանաչ ներկայացողների վրա:
Փաշինյանն ասաց, որ բացի կանոնավոր ԶՈՒ-ից պահեստազորը նույնպես պետք է պատրաստվի և պետությունն ունի այդ իմաստով պարտավորություններ, սակայն մարդիկ պետք է կարողանան պլանավորել իրենց կյանքը, դրա համար էլ այս համակարգը ավելի նպատակահարմար է:
Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացվում են եռամսյա ուսումնավարժական հավաքներ, որոնց մասնակցում է պահեստազորի 318 զինծառայող։