Եռամսյա հավաքներից 25-օրյայի անցման որոշումն ավելի շատ մարդու կներգրավի զինվորական վարժանքների մեջ: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ մեկնաբանելով այսօր կառավարության նիստում տեղի ունեցած քննարկումը ռազմական բարեփոխումների մասին: Նշենք, որ հաջորդ կառավարության նիստում կքննարկվի նոր որոշման նախագիծ, որով պահեստազորայինները սահմանին ծառայություն կիրականացնեն 25 օրով՝ նախկին 3 ամսվա փոխարեն:
Փորձագետի խոսքով՝ այդ վարժանքները շատ կարևոր են հատկապես պատերազմական շրջանում: Չէ՞ որ շատերը երկար ժամանակ առաջ են ծառայել բանակում և անհրաժեշտություն կա վերապատրաստվելու:
«Մարդիկ կան՝ բանակը 10 տարի առաջ են թողել-եկել: Մի 25 օր չգնա՞ն շարային անեն, «ավտոմատ կրակեն», հիշեն՝ որը որից հետո է: Այլ ոչ թե խառը վիճակում հանպատրաստից տանեն առաջնագիծ՝ ինչ-որ փորձանքի գան: Իհարկե վարժանենրը պետք են. թե՛ եռամսյան և թե՛ 25-օրյան»,- ասաց Ջամալյանը՝ նշելով, որ ժամկետի կրճատումը վարժանքների դեպքում պրոցեսն անշուշտ ավելի դինամիկ կդարձնի:
Պրոֆեսիոնալ բանակի գրավչության բարձրացման համար Ջամալյանը կարևոր է համարում պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի կրկնակի բարձրացումը:
«Բոլորն էլ ինչ-որ ֆինանսական հարցեր ունեն, կարծում եմ՝ այսպիսով ծառայությունն ավելի գրավիչ կդառա»,- ասաց նա:
Խոսելով կանանց համար կրակային պատրաստության՝ ՊՆ նոր կայացվելիք որոշման մասին՝ Ջամալյանն ասաց, որ չի կարծում, թե իգական սեռի ներկայացուցիչները պատերազմական պայմաններում որևէ մասնակցություն կունենան: Հարցին, թե ինչ է ցույց տալիս միջազգային փորձը, Ջամալյանն ասաց, որ այդ կարգը Հայաստանի պայմաններում դժվար իրագործելի է:
«Դժվար թե Հայաստանում նման օրենք կիրառվի»,- ասաց Ջամալյանը:
Հիշեցնենք, որ այսօր կառավարություն նիստում ընդունվեց որոշում, որով համապատասխան ատեստավորման միջոցով պայմանագրայինները կստանան կրկնակի աշխատավարձ, իսկ եկող կառավարության նիստին սպասվում է որոշման նոր նախագիծ, որով պահեստազորի հավաքները կդառնան 25 օր, իսկ ժամկետը կընտրիի քաղաքացին՝ կամավոր ներկայանալով: Նախատեսվում է նաև կազմակեպել կանանց կրակային պարապմունքներ: