Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին:
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ողջունել է առաքելության այցը Հայաստան և հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու ՀՀ զինված ուժերի պատրաստակամությունը, ներկայացրել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը:
Հանդիպման ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Զրուցակիցները քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր:
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն, Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու վստահություն ստեղծել և օգնել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել է գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրապետությունից 10 քառ. կմ տարածք անցել Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողությանը: Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվածների և անհետ կորածների թիվը 207 մարդ է։ Սեպտեմբերի 28-ին սահմանին ադրբեջանական սադրանքի արդյունքում ևս 3 հայ զինծառայող է զոհվել։
Ադրբեջանն իր կողմից հայտնել է 77 զինվորականի մահվան մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան Երևանն ու Բաքուն միջազգային հանրության աջակցությամբ կարողացան պայմանավորվել զինադադարի շուրջ։