Հայաստանը կարող է Հնդկաստանից ձեռք բերել անօդաչու թռչող սարքեր, զինամթերք, ինչպես նաև զենիթային հրթիռային համակարգեր, հաղորդում է հնդկական ThePrint պարբերականը:
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ Հայաստանը դիտարկում է հնդկական արտադրության Akash հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև հնդկական Tata Advanced Systems Limited (TASL) և Solar Industries ընկերությունների կողմից մշակված զինամթերքի գնման հնարավորությունը։
Նշվում է, որ պաշտպանության ոլորտում համագործակցության խորացումը ուշադրության կենտրոնում է եղել Հնդկաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Ռաջնաթ Սինգհի և Սուրեն Պապիկյանի հոկտեմբերի 18-ին Գանդինագարում կայացած հանդիպման ընթացքում:
Պարբերականը գրում է, որ հանդիպումը տեղի է ունեցել ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ երկու երկրները միջկառավարական պայմանագիր են կնքել Pinaka ռեակտիվ հրթիռային համակարգերի, Konkurs հակատանկային կառավարվող հրթիռների, զինամթերքի լայն տեսականու և 80 մմ ականանետեր մատակարարելու վերաբերյալ:
ThePrint-ը հիշեցնում է, որ 2020 թվականին Հայաստանը ձեռք է բերել հնդկական Swathi ՌՏԿ-ն և ընդգծում, որ Pinaka ՌՏԿ-ի մատակարարման պայմանագիրը դարձել է տվյալ համակարգի առաջին միջազգային պատվերը, համապատասխան պայմանագիր կնքելու դեպքում այն կլինի առաջինը նաև Akash ՀՕՊ համակարգի համար։
Նշվում է, որ Ադրբեջանը դիտարկվում է որպես Թուրքիայի և Պակիստանի մասնակցությամբ ձևավորվող «առանցքի» մաս։ Պարբերականը հիշեցնում է, որ Բաքուն թուրքական անօդաչուներն օգտագործել է Հայաստանի դեմ պատերազմ վարելու համար, ինչպես նաև բանակցություններ է վարում Պակիստանի հետ JF-17 կործանիչներ գնելու շուրջ:
Սեպտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Հնդկաստանն ու Հայաստանը պայմանագիր են ստորագրել հայկական կողմին մոտ 244 մլն դոլարի սպառազինության մատակարարման վերաբերյալ: Հաղորդվում էր, որ պատվերն իր մեջ ներառում է հնդկական արտադրության Pinaka ռեակտիվ կայանների արտահանումը: Հայաստան են առաքվելու նաև հակատանկային հրթիռներ և զինամթերք։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանը Հնդկաստանից պատվիրել է Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 3 մոդիֆիկացիա։