Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որպեսզի մեր զինվորականները մոտենան միջդիրքային հատվածում գտնվող զոհվածների դիերը դուրս բերեն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
«Կուտականի ուղղությամբ ունենք մեկ դիակ՝ դիտարկել ենք մեր ԱԹՍ-երի միջոցով։ Միայն այդ դիակն ենք հստակ տեսնում, գտնվում է ադրբեջանական դիրքի մատույցներում», – հայտարարեց նա։
Հակառակորդի ագրեսիայի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացվել է 130 քառ. կմ տարածք, եթե հաշվարկն անում ենք հակառակորդի առաջնագծից, նշել է ԳՇ պետը։
«Եթե հաշվարկն անում ենք մեր առաջնագծից, ապա այդ հաշվարկներով ավելի քիչ թիվ է կազմում։ Որոշ հատվածներում հակառակորդը 200 մետր է մխրճվեր, որոշ տեղերում այդ թիվը հասնում է 2,9 կմ-ի»,-նշեց Ասրյանը՝ հավելելով, որ հստակ հաշվարկի համար կարող է հիմք ընդունել, թե կոնկրետ որքան տարածք է օկուպացվել ՀՀ տարածքից։
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել է գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրապետությունից 10 քառ. կմ տարածք անցել Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողությանը: Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվածների և անհետ կորածների թիվը 207 մարդ է։ Սեպտեմբերի 28-ին սահմանին ադրբեջանական սադրանքի արդյունքում ևս 3 հայ զինծառայող է զոհվել։
Ադրբեջանն իր կողմից հայտնել է 77 զինվորականի մահվան մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան Երևանն ու Բաքուն միջազգային հանրության աջակցությամբ կարողացան պայմանավորվել զինադադարի շուրջ։