Այսօր աշխատում ենք սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման մեր հնարավորությունները դիվերսիֆիկացնել և այդ ուղղությամբ գնալու ենք առաջ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եթե որևէ արդյունքի մասին հայտարարելու անհրաժեշտություն կամ նպատակահարմարություն լինի, դրա մասին կհայտարարվի։
Փաշինյանն անդրադարձավ նաև իր ավելի վաղ հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի գործընկերներից մեկը երկրին չի մատակարարել արդեն իսկ վճարված զենք։ «Մեր քննարկումները շարունակվում են. ո՛չ, ցավոք մինչև օրս չի լուծվել, սակայն ընթացքի մեջ են»։
Պատասխանելով մամուլի հրապարակումների մասին հարցին, թե այդ գործընկերը Հորդանա՞նն է, վարչապետն ասաց. «Մամուլը, ինչպես միշտ, շատ ավելի հավաստի տեղեկություններ ունի»։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի վերջին, հայտնի էր դարձել, որ Հնդկաստանը և Հայաստանը պայմանագիր են կնքել հայկական կողմին մոտ 244 մլն դոլարի զենք մատակարարելու մասին։ Նշվում է, որ պատվերն իր մեջ ներառում է Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։
Նշվել է նաև, որ Հայաստանը կարող է անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել Հնդկաստանից, ինչպես նաև զենիթահրթիռային համակարգեր, բացի այդ, Երևանն ու Դելին մտադիր են համատեղ արտադրական բազաներ ստեղծել Հայաստանում։ Նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Հնդկաստանը կարող է Հայաստանին վաճառել 155 մլն դոլարի հրետանային կայանքներ։