Զենքի գնման գործընացի հետ կապված ինչքան քիչ խոսենք, այնքան այդ գործընթացը մեկ օր ավելի շուտ կլինի: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն խաչատրյանը:
«Այո՛, զենքի ձեռքբերման ակտիվ գործընթացներ են իրականացվում, մի շարք երկրների հետ են այդ խոսակցությունները և քննարկումները։ Այն երկրները, որոնք պատրաստ են մեզ տալ այն, ինչի կարիքը ունենք, այդ ուղղությամբ միջոցառումներ են իրականացվելու: Այն, որ մեզ օդ ու ջրի պես զենք է անհրաժեշտ, դա քննարկման ենթակա չէ»,- ասաց նա:
Արմեն Խաչատրյանը նշեց, որ զենքի լավագույն փորձաքննությունը դա պատերազմներն են: «Ռուսական զենքը մեր ռազմական հնարավորությունների գերակշիռ մասն է կազմում, և բավականին լավ զինատեսակներ կան, որոնք իրենց արդարացրել են և արդարացնում են բոլոր պատերազմներում, բայց զինատեսակներ էլ կան, որոնք պետք է ձեռք բերենք այլ երկրներից»,- ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկումներին՝ Արմեն Խաչատրյանն ասաց. «Այսօր ԱԹՍ-ների լավագույն օրինակները հաստատ Ռուսաստանինը չեն, այլ երկրներինն են, և նման տեխնիկա կարելի է ձեռք բերել այլ երկրներից»,- ասաց նա:
Նա նշեց, որ շարունակելու են պայմանագրային պարտավորություններին հետևել Ռուսաստանի հետ, սակայն այլ երկրներից ևս ձեռք են բերվելու զենքեր:
«Հայկական արտադրողները ևս Ռադիոէլեկտրոնային պայքարի լավ մշակումներ ունեն, այսպես ասած՝ օդը փակելու պասիվ մեթոդներ, ներկայումս այս ուղղությամբ ևս աշխատում ենք: Ես տեսնում եմ Հայաստանի ապագան ռամզարդյունաբերական երկիր լինելու մեջ, մենք այլ տարբերակ չունենք, մենք պետք է արտադրենք լավագույն զենքերը, կարողանանք հանել արտահանման, որը մեր պաշտպանունակության մակարդակը կբարձրանցի»,- ասաց նա:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Հայաստանը Հնդկաստանից կարող է ձեռք բերել անօդաչու թռչող սարքեր, բարաժավորող զինամթերք, ինչպես նաև զենիթային հրթիռային համալիրներ, բացի այդ Երևանն ու Նյու Դելին մտադիր են համատեղ արտադրական բազաներ ստեղծել Հայաստանում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Հնդկաստանից զենքի գնման պլանների մասին լուրերը, հայտարարել էր, որ Երևանը փորձում է դիվերսիֆիկացնել սպառազինությունների գնման իր հնարավորությունները: