Հայրենյաց պաշտպանի նախագծի շուրջ բավականին հարցեր կան, որոնց շուրջ ես առանձին գրություն եմ ներկայացրել Պաշտպանության նախարարություն: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Կան խնդիրներ՝ նախ իրատեսության առումով: Բացի այդ, ծրագրի արդյունավետությունը մեծ առումով կախված է նրանից, թե իրականության մեջ պետությունը որքանով է թիկունք զինծառայողի համար: Զինված ուժերում բազմաթիվ խնդիրներ եմ տեսնում, բայց ինքնին, որպես պայմանագրային զինծառայությանը որևէ ձևով աջակցող ծրագիր, կողմ ենք քվեարկել նախագծին: Սա համարում ենք առաջին հերթին շանս բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ցանկություն կունենան 6 ամիս հետո ընտրել պայմանագրային ծառայությունը»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ Զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու համար ՊՆ-ն ներդրում է պայմանագրային զինծառայության անցման նոր համակարգ, այն է՝ «Պաշտպան հայրենյաց»-ը: Այն նախատեսում է զինծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ժամկետը սահմանելով 5 տարի: