Պայմանագրային զինծառայողը օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի կողմից հավաքագրվել և 93 հազար 250 դրամի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք կազմող տեղեկություններ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նշվում է, որ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը՝ ավագ սերժանտի զինվորական կոչումով, 2022թ․ հունվարին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի հետ, ապա հավաքագրվել է վերջինի կողմից և համացանցային «Վոթսափ» հավելվածի միջոցով հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում կապի մեջ է գտնվել ադրբեջանական հատուկ ծառայությունների վերը նշված ներկայացուցչի հետ:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ այդ ընթացքում պայմանագրային զինծառայողն օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցից ընդունել է վարձատրության դիմաց ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ծառայության բերումով իրեն հայտնի պետական, ծառայողական գաղտնիք հանդիսացող, ինչպես նաև ռազմական բնույթի այլ տեղեկություններ հավաքելու և հանձնելու վերաբերյալ առաջարկը:
Մասնավերապես՝ փոխանցել է իր ծառայության զորամասի պահպանության տեղամասում գտնվող N մարտական հենակետի՝ համացանցային տեղորոշման հնարավորություն ընձեռող ծրագրի կիրառմամբ կատարված և հենակետի տեղակայման հստակ կոորդինատները բացահայտող լուսանկարը, մարտական հենակետերի միջդիրքային հեռավորության վերաբերյալ ձեռագիր սխեման, որոնց դիմաց՝ որպես վարձատրություն, ստացել է համապատասխանաբար՝ 24 հազար և 21 հազար 250 դրամ գումար:
Բացի այդ, 2022 թվականի մայիսի 17-20-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական հատուկ ծառայությունների վերը նշված ներկայացուցչի հանձնարարությամբ հավաքել և նրան է հանձնել պետական գաղտնիք կազմող տեղեկություններ՝ իր ծառայության զորամասի պահպանության շրջանում գտնվող մարտական դիրքերի անվանումների, գծալարային կապի անցկացման ուղիների, գումարտակի հրամանատարական դիտակետի տեղակայման, միջդիրքային հեռավորությունների և դրանց կահավորվածության վերաբերյալ տեղեկություններ պարունակող «Կապի կազմակերպման սխեմա»-ն, որի դիմաց որպես վարձատրություն ստացել է 48 հազար դրամ:
Նրան մեղադրանք է ներկայացվել. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: