Արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքում:
«E-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում առաջարկվում է սահմանափակել համացանցը ռազմական դրության ժամանակ:
Այսպես, սահմանվում է ՀՀ տարածքում ռազմական դրության հայտարարում, որի դեպքում հեռուստատեսությամբ հեռարձարկվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակության (կոնտենտի) սահմանափակում՝ ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը։
«Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում»,-նշվում է օրենքի նախագծում։
Բացի այդ Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ հասանելիության սահմանափակման դեպքում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության և պետական պահպանության ենթակա օբյեկտների և ենթակառուցվածքների, ինչպես նաև առանձին կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ինտերնետ հասանելիության ապահովում։
Բացի այդ օրենքով սահմանվում է ՀՀ տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցման (արգելափակման), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակման կարգը։
Այն սահմանում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ հասանելիության սահմանափակման դեպքում ինտերնետ հասանելիությամբ ապահովվող պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության և պետական պահպանության ենթակա օբյեկտների և ենթակառուցվածքների, ինչպես նաև առանձին կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ցանկը և դրանց ինտերնետ հասանելիության տրամադրման (ապահովման) կարգը: