Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի բռնկումը տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտման հետևանքով։ Այս մասին կառավարության նիտի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ Ռազմական ոստիկանության նախնական տվյալների համաձայն՝ զորամասում վառարանի կպչանի համար օգտագործվել է արգելված դյուրավառ հեղուկ՝ ավտոբենզին։
Վարկածը հաստատեց նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ նշելով, որ դեպքի առիթով նախաձեռնվել է վարույթ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով։ Այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն առաջացրել է 2 և ավելի անձի մահ։
Ինչպես նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզվել է, որ ՆԳՆ հշեջ ծառայությունը պատշաճ ժամանակում հասել է դեպքի վայր, սակայն դրա հեռավորությունը բավականին մեծ է եղել։
Նրա խոսքով՝ ԳՇ պետի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի հրամանով կարգավորվում է զորամասերում անվտանգության կանոնների պահպանումը։ Այդ հրամանի 7-րդ կետում նշված է՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, և դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին։
«Սա բարձրաստիճան զինվորականի հրաման է, որի պրիմիտիվ պահպանումը պարզապես թույլ կտար չունենալ այս դեպքը»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, որ նախնական տվյալների համաձայն, վառարանը վառելու համար հինգ լիտրանոց տարայով ավտոբենզինը փորձ է արվել լցնել վառարան, կրակն անցել է վառարանը վառել փորձող սպային, որն ինքնապաշտպանական բնազդով տարան նետել է կացարանի ուղղությամբ։
Ինչպես նիստի ժամանակ զեկուցեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Այրվածքաբանության կենտրոնում գտնվող երեք զինվորականներից երկուսը գտնվում է վերակենդանացման բաժնում, իսկ մեկը՝ համեմատաբար թեթև այրվածքներով բաժանմունքային հիվանդ է։
Դեպքի առթիվ նախագահի հրամանով ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ պաշտոններից ազատվել են նաև Գրիգորյանի տեղակալը, հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետը, մարտական հերթապահության գծով կորպուսի հրամանատարը, N զորամասի շտաբի պետ, հրամանատարի տեղակալը, թիկունքի գծով հրամանատարի տեղակալը, ինժեներական ծառայության պետը, ինժեներասակրավորային վաշտի հրամանատարը, ԶՈւ թիկունքային վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը։
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այսօր զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: