Գեղարքունիքի մարզի N զորամասի հրդեհի հետևանքով մահացած Պավլիկ Աբազյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր։ Այս մասին News.am-ի հետ զրույցում պատմել է գյուղապետ Կարեն Ղալթախչյանը։
Գյուղապետը պատմել է, որ Պավլիկն այս տարվա ամռանն էր զորացրվելու։ «Նա տան միակ որդին էր, իրենից մեծ քույր ունի, վերջերս էր ամուսնացել քույրը, Պավլիկը կարատեով էր զբաղվում, սովորում էր Երևանում»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այսօր զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: