Կառավարության նիստի ժամանակ նկարագրված «բենզինի տեսարանն» ընդհամենը վարկած է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է այսօր գիշերը ողբերգական պատահարի հետևանքով զոհված զինծառայողների դասակի հրամանատարը։
Ըստ նրա՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ 00:30-01։00 հատվածում։
Բենիզի հետևանքով հրդեհի առաջացման վարկածի վերաբերյալ սպան նշեց, որ դա ընդամենը ենթադրություն է։ «Դա թյուրիմաց վարկած է»,-նշեց նա։
«Բանակի թուլացումը, այս «բարդակը» գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ…սրանից հետո ինչ ուզում են թող ինձ հետ անեն, դա ինձ չի հետաքրքրում»,-հայտարարեց սպան՝ հավելելով, որ ծնողները սպայակազմից են պահանջում իրենց զավակներին։
Սպայի փոխանցմամբ՝ գյուղում գազի մատակարարում չկա, վառարանն էլ վառելու համար օգտագործվել է փայտ, քարածուխ։ «Ես երեկոյան եղել եմ այստեղ, բայց այդպիսի վառելանյութ չի եղել»,-հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այսօր զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: