ՀՀ Զինված ուժերում արձանագրվեց հերթական, միաժամանակ՝ արտառոց աղետը, որի հետևանքով հրդեհի զոհ է դարձել 15 զինծառայող, կան վիրավորներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, մտերիմներին և մեր ժողովրդին։ Արագ ապաքինում ենք մաղթում վնասվածքներ ստացած զինծառայողներին։
Միաժամանակ, ցավով արձանագրում ենք, որ նման ողբերգական դեպքը հերթական անգամ ապացուցեց իշխանության քաղաքական պատասխանատվության բացակայությունը և մշտապես հնչեցված ահազանգերի իրական լինելը՝ փաստելով բանակաշինության գործում խայտառակ անմխիթար վիճակը, մեր զինված ուժերի առանձին հատվածների տեղակայման, բնակավորման և զորքերի ծառայության կազմակերպման պայմանների, մարտական առաջնագծի բազմաթիվ հատվածների կահավորվածության ու ինժեներական ենթակառուցվածքների բացերը»,-նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այսօր զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: