Պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած երրորդ կարգի հաշմանդամները նույնպես այսուհետ պետությունից կստանան հատուցում։ Համապատասխան որոշում ընդունեց կառավարությունը՝ հունվարի 26-ի նիստի ժամանակ։
Նախագծում ասված է, որ երկրորդ կարգից երրորդի անցման ժամանակ զինծառայողները փաստացի զրկվում էին հատուցման գումարից, ինչն առաջացնում էր նրանց դժգոհությունը։ Հետևաբար նրանց ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցեերի նախարարությունը որոշակի գումար է հատկացրել։
Այսպիսով՝ 44-օրյա պատերազմի հետևանքով 29.08.2022թ.-ի դրությամբ երրորդ խմբի հաշմանդամություն էր սահմանվել 114 անձի, ովքեր նախկինում հանդիսացել են երկրորդ խմբի հաշմանդամներ (հիմնադրամի շահառուներ):
Բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց թիվը կանխատեսվում է 160, որից` սպայական` 20, պայմանագրային, զորահավաքային և կամավորական` 60, պարտադիր ժամկետային` 80:
Կառավարությունը սպայական կազմին հատկացնում է ամսական 75 000 դրամ (20 մարդ), պայմանագրային ենթասպայական և շարքային կազմերին ու կամավորագրվածներին 50 000 դրամ (60 մարդ), պարտադիր ժամկետային զինծառայողներին՝ 25 000 դրամ (80 մարդ)։
Գումարի չափը սահմանվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս անձինք ստանալու են նաև հաշմանդամություն զինվորական կենսաթոշակ և համապատասխան պարգևավճար:
Նախագծում նշվում է, որ հատկացման ընդհանուր տարեկան ծախսը կկազմի 78 000 000 ՀՀ դրամ։