Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել վառարանը վառել փորձող սպային՝ կապիտան Եղիշե Հակոբյանին, որը դեռ բուժման փուլում է։
Նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը «Հանրային» հ/ը եթերում նշել է, որ ապաքինվելուց հետո կապիտանը մանրամասն ցուցմունք տալու ցանկություն ունի։ «Ակընդետ երևում է, որ Եղիշե Հակոբյանն ի վիճակի չէ, դեմքն ու ձեռքերը ամբողջությամբ այրված են»,-նշեց նա։
Ըստ պաշպանի՝ սպայի մեղադրանքը խիստ նախնական է։ «Դեռ պետք է հստակորեն պարզվի, որ զինծառայողների մահվան պատճառի և տվյալ դեպքում Եղիշե Հակոբյանի գործողությունների կամ անգործության պատճառահետևանքային կապը։ Արդյոք այդպիսին եղել է, թե՞ ոչ, որից հետո վերջնական եզրահանգման գալ»,-նշել է պաշտպանը։
Դեռ 2022-ի դեկտեմբերին ԳՇ պետը հանձնարարականով արգելվել է զորամասերում ավտոբենզինի օգտագործումը։ «Բենզինով վառարանը վառելու հանգամանքը դեռ քիչ է ասելու, որ դա պատճառահետևանքային կապ ունի տուժողների մահվան հետ։ Դա վարկած, որ պետք է հաստատվի կամ հերքվի»,-նշել է նա։
Ըստ նրա՝ իր պաշտպանյալը չի ապրել այն տանը, որը հրդեհվել է, նա այլ տուն է վարձակալել։ «Այդ օրն է նա եկել այդտեղ՝ զինվորներին օգնելու։ Ինքը զինվորների հետ քիչ է շփվել՝ զուտ ծառայության բերումով։ Այդ զինվորները ունեցել են իրենց վաշտի հրամանատարը, իրենց դասակի հրամանատարը, իսկ Եղիշե Հակոբյանը զուտ ինժեներական ծառայության սպա է, ով ունեցել իր անմիջական հրամանատարը, կատարել է տարբեր հանձնարարություններ և այդ զինվորների հետ որևէ կերպ չի առնչվել»,-նշեց նա։
Ըստ պաշտպանի՝ դեպքից 3 շաբաթ առաջ սպան զորացրման զեկուցագիր է ներկայացրել, որը չի հաստատվել, այնուհետև, իր նախաձեռնությամբ զեկուցագիրը փոխարինել է տեղափոխման դիմումով, որը դեռևս չէր հաստատվել։