ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանն Facebook – յան գրառմամբ անդրադարձել է դատախազության կողմից իրեն հասցեագրված մեղադրանքին։
«Տեղեկատվություն տարածվեց 2019-ի սեպտեմբերից չարչրկվող` ՊՆ բնակարանների բաշխման գործընթացում իբր առկա չարաշահումների հիմքով ինձ և ՊՆ հինգ պաշտոնյաների որպես մեղադրյալ ներգրավելու՝ հսկող դատախազի որոշման մասին:
Իմ բոլոր կարգավիճակներում, առավել ևս՝ որպես պաշտպանության նախարար, մշտապես ծառայել եմ ազնվորեն՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ամրապնդման, մեր ազգային շահերի առաջմղման նպատակով: Դա հայտնի է բոլորին, ում հետ առնչվել եմ գործի բերումով»,-նշել է Սարգսյանը։
Նա կոչ է արել հրապարակել բնակարաններ ստացածների ցանկը` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են: «Վստահ եմ, այդքանը բավարար կլինի թեման սպառված համարելու համար: Պարզապես նողկալի է: Զավեշտ է, որ դատախազությունը, ինձ հետ կապ հաստատելու որևէ ջանք չգործադրելով, թեև ես բազմիցս հայտնել եմ իմ հեռախոսահամարի, էլ. փոստի անփոփոխ լինելու և իմ գտնվելու վայրի մասին, զրկել է ինձ օրինական իրավունքներս պաշտպանելու հնարավորությունից»,-նշել է Սարգսյանը։
Ըստ նրա՝ դա քաղաքական հետապնդման դրսևորում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում է, ինչպես դա արդեն բացահայտորեն արվում է տարիներ շարունակ բոլոր ընդդիմադիրների նկատմամբ:
«Այս պարագայում, նաև ազդակ է երկրի պաշտպանությունը բացահայտորեն տապալած հանցագործների կողմից` իմ Հայաստան վերադառնալու անցանկալիության մասին։ Դա նոր ազդակ չէ, պարզապես թարմացվում է` առաջիկա շատ վտանգավոր զարգացումների ֆոնին».-հայտարարել է նա:
Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, նախկին նախարար Սարգսյանի հանձնարարությամբ 2018-ին նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող երեք անձանց: Վիգեն Սարգսյանին, ինչպես նաև ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամների մեղադրանք է առաջադրվել: