Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած կապիտան Եղիշե Հակոբյանին քիչ անց կվիրահատեն: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։ Նա կենթարկվի դեմքի և դաստակի մաշկի փոխպատվաստման:
Բաբայանի խոսքով՝ մյուս երկու զինվորների վիճակը շատ լավ է:
Հրդեհի դեպքով քրեական գործ էր հարուցվել վառարանը վառած կապիտանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
Ե. Հ.-ն հունվարի 19-ին վառարանը վառելիս խախտել է հրդեհային անվտանգության պահանջները, ինչի հետեւանքով զորանոցում հրդեհ է բռնկվել։ Նա դեռ չի տվել գրավոր ցուցմունք:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: