«Անխորտակելի եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել Հայաստանում, կանցկացվեն Ղրղզստանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։
«Ղրղզստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն» համատեղ զորավարժություն անցկացնել, որի ընթացքում կլուծվեն ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման և խաղաղապահ գործողության անցկացման խնդիրները»,- մանրամասնեց նա։
Մեկնաբանելով Հայաստանի դիրքորոշումը, որը հրաժարվել է զորավարժություններ անցկացնել իր տարածքում, Սիդորովը նշել է, որ ՀԱՊԿ ցանկացած անդամ իրավունք ունի հետաձգել կազմակերպության զորավարժությունները։ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը պատրաստ է Կովկասում դաշնակցին «ուս դնել»։
«Եթե իրավիճակը հանկարծ պահանջի կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության ուժերի և միջոցների ներգրավում, ապա փորձ կա, մշակվել են նաև որոշակի պլաններ, և կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ կլինեն իրենց ուսը տալ կովկասյան տարածաշրջանում իրենց դաշնակցին»,- ասել է նա։
Մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ ՀԱՊԿ-ն օգնություն չի ցուցաբերում [Հայաստանին – խմբ.], Սիդորովն ընդգծել է, որ ռազմաքաղաքական իրավիճակն այլ է, միշտ չէ, որ հնարավոր է հարցեր լուծել ռազմական ուժերով։ Նրա խոսքով, այստեղ պետք է գործի «մի վնասիր» սկզբունքը։ «Մենք ամեն կերպ փորձում ենք վերահսկել այնտեղ տիրող իրավիճակը։ Գաղտնիք չէ, որ անցյալ տարվա սեպտեմբերին վատ իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Ավելին, եղել են զոհեր և խաղաղ բնակիչներ։ Եվ ընդհանրապես՝ տարածքների կորուստ, զենքի ու տեխնիկայի կորուստ»,- ասել է Սիդորովը։
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ ղեկավարներն ամեն ինչ անելու են, որպեսզի կովկասյան տարածաշրջանի տարածքում խաղաղություն տիրի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության փոխադարձ ընդունելի լուծում գտնվի և բախումները դադարեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանը նպատակահարմար չի գտնում ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումը իր տարածքում։