Ազատի զորամասում տեղի ունեցած հրդեհից այրված 15 զինծառայողների հարազատներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են զորամասի հրդեհի արդար քննություն և չեն հավատում մինչ այժմ հնչած վարկածներին։
Կառավարությունից նրանց հրավիրել են հանդիպման։ Կարճ հանդիպումից հետո կառավարության շենքից դուրս եկած զինծառայողների հարազատները, սակայն, չգիտեին, թե ովքեր են եղել իրենց ընդունող պաշտոնյաները։ Նրանք պահանջել են հնարավորինս շուտ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բացի այդ՝ պահանջել են, որպեսզի իրենց ամենաուշը մեկ շաբաթից ներկայացնեն գործի մանրամասները, քանի որ մինչ այս հնչած վարկածներն իրարամերժ են ու չեն համապատասխանում իրարկանությանը։
«Եթե նկատենք, որ ծածկադմփոց են անում գործը, իսկ ծածկադմփոց արդեն իսկ արվում է, ապա արտաշիրիմում կանենք։ Մենք պահանջում ենք ԴՆԹ բոլոր հետազոտությունների արդյունքները»,- ասաց զինծառայողների հարազատներից մեկը։
Նա նշեց, որ հրդեհից մեկ ժամ անց արդեն բոլորի հետազոտությունները պատրաստ են եղել ու հարազատներին են հանձնել իրենց տղաների աճյունները, ինչը կասկած է հարուցում, թե նախապես են իմացել, թե ով ով է։
Մեկ այլ ծնող ասաց, որ չի բացառում դիվերսիոն գործողության հնարավորությունը, հաշվի առնելով, որ գարնանը զորամասում հետաքրքիր միջադեպ է եղել։
«Եթե ադրբեջանցի նորակոչիկը կարող էր մոլորվել ու գալ Ազատ, ապա դիվերսիայի համար դա ի՞նչ խնդիր է։ Տղաները բռնել- կապել են ադրբեջանցի զինծառայողին, վերևներին կապ տվել, եկել տարել էին իրենց զինվորին»,- ասաց նա։
15 զինծառայողների հարազատների փաստաբան Նոորայր Նորիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ զիվորները կարծես թե ոչ մի գործողություն չեն արել իրենք իրենց փրկելու համար։
«Սրանից կարելի է ենթադրել, որ գուցե զինծառայողներն արդեն մահացած են եղել»,- ասաց նա ու միևնույն ժամանակ ասաց, որ պետք է գործի մանրամասն քննություն։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող, 3 զինծառայող վիրավորվել էր: