Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից նպաստներ վճարել հաշմանդամության 2-րդ խմբից երրորդ խումբ անցած զինծառայողներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
Նա մանրամասնեց, որ հաշմանդամության թոշակների և հավելավճարների հետ միասին սպայական անձնակազմի համար վճարումները կկազմեն 150 հազար դրամ, շարքայինների համար՝ 91 հազար դրամ։
«Այժմ հաշմանդամության երկրորդ խմբից երրորդ խմբին անցած զինվորականներն այլևս չեն ստանում ապահովագրական հիմնադրամից, պետությունը նրանց տալիս է զինվորական հաշմանդամության թոշակներ և հավելավճարներ՝ սպաների համար 74 հազար դրամ, շարքայիններինը՝ 60 հազար դրամ»,- պարզաբանեց փոխնախարարը։
Հունվարի 26-ին կառավարությունը որոշել էր փոխհատուցում վճարել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված և հետագայում երրորդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողներին։ Նախարարությունն այնուհետ առաջարկել է սպաների փոխհատուցման չափը սահմանել 75 հազար դրամ, պայմանագրային զինծառայողների, ժամկետային զինծառայողների, կամավորների համար՝ 50 հազար դրամ, ժամկետային զինծառայողների համար՝ 25 հազար դրամ։