«Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է, այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով». Վազգեն Սարգսյան
Այսօր Հայաստանի ազգային հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 64 տարեկան:
Իր հասարակական-քաղաքական գործունեությունը Վազգեն Սարգսյանն սկսել է 1988 թվականին՝ Արցախյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի միացումը Խորհրդային Հայաստանին։ Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ռազմաքաղաքական հրամանատարներից մեկը:
Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում՝ դառնալով Հայաստանի քաղաքականության մեջ մեծ ազդեցություն ունեցող գործիչ: Նրան տրվել է հերոսական Սպարապետ պատվանունը, քանի որ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության և Հայկական բանակի կայացման գործում: Սարգսյանին շնորհվել են Հայաստանի և Արցախի բարձրագույն կոչումները՝ Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս։
Վազգեն Սարգսյանը սպանվեց 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության ժամանակ: Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Հայաստանի վարչապետի պաշտոնը: Հայաստանի Ազգային ժողովի վրա իրականացված հարձակման հետևանքով սպանվեցին նաև ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վազգեն Սարգսյանի ծննդյան 64-րդ տարեդարձի առթիվ մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գերատեսչության ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
ՀՀ պաշտպանության նախարարը և բարձրաստիճան զինվորականները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության ընթացքում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին։