15 զինծառայողների գործով ձերբակալվել է վառարանը բենզինով վառել փորձող սպան։ Այս մասին հայտնել է փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նրա փոխանցմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեն քիչ հաստատել է, որ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով այսօր ձերբակալվել է կապիտան Եղիշե Հակոբյանը, և ներկայումս դատարանում քննվում է նրա կալանավորման հարցը։
«Խոսքը վերաբերում է այն սպային, ով բենզինով փորձել է վառել զինվորական կացարանի վառարանը»,-հավելել է նա։
Նշենք, որ փետրվարի 15-ին Հակոբյանը, որը բուժում էր ստանում Այրվածքաբանության ազգային կենտրոնում, հարցաքննվել և ցուցմունք է տվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով։
Վերջինիս փաստաբան Հովսեփ Սարգսյանը «Հանրային» հ/ը եթերում ավելի վաղ նշել է, սպային ներկայացվող մեղադրանքը խիստ նախնական է և պետք է հստակորեն պարզվի զինծառայողների մահվան պատճառի և տվյալ դեպքում Եղիշե Հակոբյանի գործողությունների կամ անգործության պատճառահետևանքային կապը։