Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈւ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Հընթացս կրակոցներ են հնչել նաև ադրբեջանական կողմից: Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եվս մեկ զինծառայող ստացել է վիրավորում»,- ասված է հայտարարությունում։
Նախարարությունից հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Հրաչյա Սարուխանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն տեղեկացրել էր, որ մարտի 31֊ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ֊7 նռնականետ։